Արժույթի միջազգային հիմնադրամի անցած ամիս հրապարակած զեկույցի համաձայն, ԱՄՆ-ն այնքան պարտքեր ու ֆինանսական պարտավորություններ է կուտակել, որ տարբերությունը, կամ ֆիսկալ անդունդը ապագա ծախսերի եւ եկամուտների միջեւ կհասնի ՀՆԱ-ի 14  տոկոսի: Համեմատության համար նշենք, որ տնտեսագետների կանխատեսմամբ` Հունաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 11,5 տոկոս: Այդ թեմային իր խմբագրականում անդրադարձել The Washington Times-ը: Հուլիսի 12-ի զեկույցում նշվում է, որ «ֆիսկալ անդունդի գլխավոր աղբյուրը առողջապահության ոլորտում աճող ծախսերն են: Գործող օրենքով, 2050-ին պարտադիր վճարումները կգերազանցեն ՀՆԱ-ի 18 տոկոսը: Դա նշանակում է, որ 2050-ին, կամ արդեն 2026-ին պարտադիր ծրագրերը եւ պարտքի սպասարկման արժեքը կխժռեն բոլոր դաշնային եկամուտները»:

«Այլ կերպ ասած` մենք արագ տեմպերով շարժվում ենք Աթենքում բռնությունների ալիք առաջացրած ֆինանսական ճգնաժամի ուղղությամբ: Քանի որ կառավարությունը միջոցներ է ծախսում ոչ միայն պարտադիր ծրագրերի վրա` հատուցման օրը կլինի արդեն հաջորդ տասնամյակում»,- ասվում է խմբագրականում:

Թերթի ներկայացմամբ` նախագահ Օբաման միայն այս տարի երկրի ստացած եկամուտներից 1,5 միլիարդ ավելի է ծախսել: «Տնտեսական իրականության անտեսումը կհասցնի ֆինանսական հատուցման` ավելի ահավոր, քան Հունաստանում: Մնում է միայն հուսալ, որ ընտրողները փոփոխությունների պահանջ կներկայացնեն նոյեմբերին եւ գուցե դա այնքան էլ ուշ չլինի»,- եզրափակել է պարբերականը: