Կալիֆորնիայում Apple-ի մանրածախ խանութների աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ՝ բողոքելով նվաստացնող վերաբերմունքի դեմ:

Հայցի պատճառ է դարձել նրանց պայուսակների ստուգումը, ինչի հետեւանքով նրանք ստիպված են օրական 10-15 րոպե ավելի մնալ աշխատավայրում: Ընկերությունն իսկապես ստուգում է իր աշխատակիցների պայուսակները՝ խանութներից գողությունը կանխելու նպատակով: Սակայն հայցվորները չեն ցանկանում, որպեսզի ստուգումներն անցկացվեն իրենց անձնական, հետեւաբար՝ չվճարվող ժամանակի հաշվին, եւ պատրաստվում են Apple-ից փոխհատուցում պահանջել:

Դատական հայցը ներկայացվել է 2013 թվականին, բայց անցյալ տարի մերժվել է: Ամեն դեպքում, հուլիսի 16-ին դաշնային դատավոր Ուիլյամ Էլսափը հայցը կոլեկտիվ է որակել: Հայցվորներն Apple-ի խանութների ներկա եւ նախկին 12 հազար աշխատակիցներ են:

Երկու տարվա ընթացքում Apple-ը բազմիցս հայտարարել է, որ հայցը չի կարող կոլեկտիվ ճանաչվել, քանի որ ամենեւին էլ ոչ բոլոր մենեջերներն են ստուգումներ անցկացնում, իսկ գործընթացն այնքան քիչ ժամանակ է խլում, որ փոխհատուցման կարիք չկա: Հիմա, երբ հայցը կոլեկտիվ կարգավիճակ է ստացել, գործը կրկին ուղարկվելու է դատարան: