Ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա սեպտեմբերին տեղի ունենալիք ԲՀԿ ընդլայնված նիստում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  խմբակցության ներկայիս ղեկավար Արման Վարդանյանը: Նա միաժամանակ չբացառեց հնարավորությունը, որ ավագանու ԲՀԿ խմբակցությունը շարունակի ինքը ղեկավարել: «Ամեն ինչ կորոշվի կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ Արման Վարդանյանին ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ետ կանչելու որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է: «Կուսակցության ղեկավարի կողմից առաջարկ է եղել հանձն առնել  կուսակցության պատասխանատու ուղղություններից մեկը, որին ես համաձայնել եմ։ Դեռեւս վերջնականապես ճշտված չէ, թե որ ուղղությունն է լինելու դա: Եւ ես մինչեւ ավագանու հաջորդ նստաշրջանի սկսվելը շարունակելու եմ ղեկավարել ԲՀԿ խմբակցությունը»,- նշեց Վարդանյանը: Հարցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ետ կանչելու որոշումը Գագիկ Ծառուկյանը կայացրել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պահանջով, Վարդանյանը պատասխանեց. «Ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ: Հարցը քննարկվել է կուսակցությունում։ Մեր կուսակցության ղեկավարն առաջարկել է այս մոդելը, եւ ես դա շատ նորմալ ու ընդունելի առաջարկ եմ համարել։ Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի գործոնին, ես դա բացառում եմ»,-արձագանքեց Վարդանյանը։

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով է Արման Վարդանյանին փոխարինելու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում։ «Ով էլ փոխարինի՝ լինելու է ավագանու խմբակցության իմ երիտասարդ գործընկերներից մեկը, որի հետ ես շարունակելու եմ իմ աշխատանքը եւ ամեն կերպ աջակցելու եմ նրան»,- նկատեց Արման Վարդանյանը։