Հարեւան Իրանի զարգացումը կօգնի ողջ տարածաշրջանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Իրանի եւ «վեցնյակի» միջեւ Վիեննայում հուլիսի 14-ին ձեռքբերված համաձայնագիրը:

«Իրանի զարգացումը եւ նրա լիարժեք մասնակցությունը միջազգային գործընթացներին բխում է Հայաստանի շահերից»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն: