Ռենսսելերի պոլիտեխնիկ համալսարանի մասնագետները փորձ են անցկացրել, որի ընթացքում NAO մարդակերպ ռոբոտը կարողացել է տրամաբանական խնդիր լուծել՝ ցուցադրելով այն, ինչը մասնագետներն ինքնագիտակցության առկայծում են անվանել:

Ըստ Gazeta-ի, հետազոտողները երեք NAO ռոբոտների տեղեկացրել են, որ նրանցից երկուսին հատուկ հաբ են տվել, որը նրանց զրկում է խոսելու ունակությունից, իսկ մեկին՝ պլացեբո: Այնուհետեւ ռոբոտներին հարցրել են, թե ինչ հաբ է ստացել նրանցից յուրաքանչյուրը: Արդյունքում պլացեբո ստացած ռոբոտը պատասխանել է. «Չգիտեմ: Ներեցեք, բայց հիմա գիտեմ: Ինձ հաջողվեց ապացուցել, որ ինձ խոսելու ունակությունից զրկող հաբ չեն տվել»:

Գիտնականները հենց այդպիսի արդյունքի էին ձգտում: Լսելով սեփական ձայնը՝ ռոբոտը, պետք է հասկանար, որ կարող է խոսել, իսկ դա նշանակում է, որ իրեն պլացեբո են տվել:

Ամեն դեպքում, մասնագետները հայտարարում են, որ ինքնագիտակցության այսպիսի դրսեւորումը դեռեւս մարդկության դեմ մեքենաների ապստամբություն չի նշանակում: