Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի օրինակը, ով հրաժարվել է «նախագահ» կոչումից եւ ցանկություն հայտնել իրեն այլ կերպ անվանել, վարակիչ է դարձել մյուսների համար: Ռամզան Կադիրովն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանում մեկ նախագահ պետք է լինի: Նրան անմիջապես պաշտպանել են Հյուսիսային Կովկասի այլ հանրապետությունների, այդ թվում Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Ինգուշեթիայի ղեկավարները: Ինգուշեթիայի ղեկավարությունն անգամ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հարցերով փոխնախագահ Ալեքսանդր Մոսկալեցի խոսքով, չի բացառվում, որ  ՌԴ տարածաշրջանների ղեկավարներին այլ կերպ կոչելու հարցը Պետական Դուման կարող է քննարկել արդեն աշնանը:

Կրեմլի աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ տարածաշրջանների ղեկավարների պաշտոնի նույնականացման հարցը վաղուց է ծագել եւ այդ խնդիրը կլուծվի, սակայն դա պետք է կամավոր լինի:

Բացի վերը հիշատակված տարածաշրջաններից, իրենց նախագահներն ունեն նաեւ Ադիգեյան, Բաշկիրիան, Մարի Էլը, Յակուտիան, Թաթարստանը, Ուդմուրտիան եւ Չուվաշիան: Ավելի վաղ «նախագահ» կոչումից հրաժարվել էին Կարելիան եւ Կալմիկիան: