Գեղարքունիիքի մարզի  հինգ գյուղերին (Մադինա, Վերին եւ Ներքին գետաշեններ, Գեղհովիտ եւ Վաղաշեն) կարծես թե, չորացման վտանգ չի սպառնում:  Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողովն իր վերջնական պատասխանն է ուղարկել Բնապահպանության նախարարություն, ըստ որի Գեղարքունիքի Արգիճի գետի Գայլաձոր վտակից Աղնջաձորի համայնք ոռոգման նպատակով պետք է թույլ տրվի ընդամենը 20-25 լ/վրկ ջուր տեղափոխել:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ աղմուկ բարձրացավ, թե  Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխում են դեպի Եղեգնաձոր` ՀԷԿ կառուցելու նպատակով: Այդ հինգ գյուղերի բնակիչները բացի գերատեսչություններին  ահազանգելուց, նաեւ փակել էին Երեւան-Մարտունի մայրուղին` պահանջելով խնդրի վերջնական լուծում: Բնապահպանության նախարարությունում ստեղծված աշխատաքային  խմբի ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ վտակի մոտ կատարված շինարարական  աշխատանքները իբր, ոչ թե ՀԷԿ-ի, այլ ոռոգման նպատակով ջուր տանելու համար են, ընդ որում 86 լ, որը չորս անգամ շատ է, քան Աղնջաձորի ոռոգման համար նախատեսված քանակը:  Այս համայնքում փաստացի ոռոգվում է 71 հա հողատարածք, որի համար լիովին բավարար է 20-25 լ ջուրը:

Մոտ մեկ շաբաթ առաջ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ վերոնշյալ համայքների ղեկավարները, ԲՆ աշխատանքային խումբն առաջարկել է Աղնջաձորին տալ 39 լ ջրառի թույլտվություն, որի հետ չեն համաձայնել համայնքապետերը: Առաջարկությունն ուղարկվել է նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողով, որտեղ էլ ինչպես NEWS.am-ին վստահեցրեց  հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Ջավադյանը, իրենց վերջնական պատասխանը երեք օր առաջ ուղարկել են ԲՆ: «Մենք վերջնական տվել ենք 20-25լ ջուր: Մովսիսյանի ստորագրությամբ երեք օր առաջ նամակ ենք ուղարկել նախարարություն: Մեր վերջնական որոշումը օրենք է բոլորի համար»,-վստահեցրեց Ջավադյանը: Մինչդեռ նախօրդ օրը, կառավարության  նիստի ավարտից հետո, երբ  փոխնախարար Արա Պապյանից հետաքրքրվեցինք խնդրի լուծմամբ, նա ասաց որ  դեռ չեն ստացել հանձնաժողովի կարծիքը, ստանալուց հետո կգնան տեղում կնայեն հարցադրումները, հետո որոշում կկայացնեն, ինչը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: