Հայաստանում շատ ուսումնական հաստատություններ իրենց համալսարան են անվանում, թեեւ այդպիսին չեն հանդիսանում: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, հավելելով, որ այս տարի ԿԳ նախարարի հատուկ հրամանագրով ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր, որոնք ստուգումներ են իրականացրել 28 ոչ պետական բուհերում:

Նրա խոսքով, հավատարմագրված շատ բուհերում ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում պահանջվող նորմերին: «Մենք այս գործընթացն սկսել ենք դեռ 2,5 տարի առաջ: 2010-ին կատարված ստուգումների արդյունքում, ամբողջությամբ դադարեցվել է 7 բուհերի պետական լիցենզիայի գործունեությունը, 6 բուհերի լիցենզիան դադարեցվել է մասնակիորեն, իսկ Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանն ինքն է դիմել` լիցենզիաները դադարեցնելու խնդրանքով»,- ասաց Ավետիսյանը: Նրա խոսքով, որոշ դեպքերում, բուհերին հնարավորություն եւ ժամանակ է տրվում վերացնել խախտումները:

«Եղել են դեպքեր, երբ բուհը չի ունեցել բավարար չափով պատրաստված դասախոսական կազմ, ուսումնա-մեթոդական պլանը անբավարար է եղել»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, թե կարո՞ղ են փակված բուհերի ուսանողները իրենց ուսումը շարունակել այլ բուհերում, Ավետիսյանը պատասխանեց, որ եթե առարկաների միջեւ տարբերությունը չի գերազանցում 8 ժամը, ապա ուսանողները կարող են ընդունվել նմանատիպ ծրագրով ցանկացած պետական բուհ: «Եթե ծրագիրը հավատարմագրված չի եղել, ապա ուսանողներն իրենց ուսումը կարող են շարունակել միայն ոչ պետական բուհերում»,- հստակեցրեց ԿԳ փոխնախարարը:

Անդրադառնալով ուսման վճարին, Արա Ավետիսյանն ասաց, որ նախարարությունը չի կարող պարտադրել բուհերին, որ նրանք ուսանողներից գանձեն այն նույն գումարը, որը նրանք պետք է վճարեին փակված բուհերում: Նրա խոսքով, այն ուսանողները, որոնք օրենքով անվճար սովորելու իրավունք ունեն (զոհված ազատամարտիկների երեխաներ, 1-ին եւ 2-րդ կարգի  հաշմանդամներ եւ այլն), հնարավորություն կստանան անվճար սովորելու:

Վերջում Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի բուհերի գործունեության լիցենզիաները դադարեցնելու հետեւանքով 2000 ուսանողներ զրկվել են իրենց բուհերից: «Նախորդ տարի այդ թիվը 1100-ից մի փոքր ավելի էր: Նրանցից 560-ը  դիմել է այլ բուհ տեղափոխվելու համար, որից միայն 350-ն է հետագայում շարունակել ուսումը: Տեսնենք, թե այս տարի ինչպես կլինի»,- ասաց նա: