Չինաստանն Իրանի հարավում, Մաքրանի գոտում երկու ատոմակայան կկառուցի: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
«Մենք ձեռնամուխ ենք եղել երկրում միանգամից 4 ատոմակայանների շինարարությանը առաջիկա 2-3 տարում: Ենթադրվում է, որ այդ մասշտաբային շինարարության մեջ կներգրավվեն ավելի քան 20 հազար բանվոր ու ճարտարագետ»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սալեհին նաեւ հայտնել է, որ ներկայումս Իրանը 90 տոննայի չափով «ծանր ջրի» պաշարներ ունի:
«Մենք արդեն բավական քանակով այդ նյութից արտադրել ենք եւ դրա պահանջարկը չունենք»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ուրանի պաշարներին, ապա մեր պահեստներում կա մոտ 7-8 տոննա: «Դրանց ճակատագիրը կորոշվի առաջիկա 4-5 ամիսներին»,-ընդգծել է Սալեհին:





























