2008-ի օգոստոսյան դեպքերից հետո, մինչ օրս անհայտ է ռուս օդաչուներից մեկի ճակատագիրը: Նա ՏՈՒ-22М3 ռմբակոծիչի անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Կովենցովն է: Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Ռուսաստանի հակաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:

«Մենք միայն մեկ խնդիր ունենք. դա փոխգնդապետ Ալեքսանդր Կովենցովն է, ում, դժբախտաբար, դեռ չենք գտել»,- ասել է Զելինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: Նրա խոսքով, ՌԴ հակաօդային ուժերի հրամանատարությունը օդաչուին դեռեւս համարում է «անհայտ կորած»:

ՏՈՒ-22М3 ինքնաթիռը խփվել է Հարավային Օսիայում 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմում: Անձնակազմի երկու անդամներ զոհվել են, նրանց մարմինները գտել են որոնողական ծառայությունները: Իսկ ահա օդաչու Կովենցովին չեն գտել: Ինքնաթիռի մոտ գտել են նրա կատապուլտի բազկաթոռն ու պարաշյուտը: