Արցախի ամենակրտսեր բլոգերը` Հայկ Մայիլյանը, այժմ 15 տարեկան է, նա սկսել է իր բլոգը վարել դեռեւս 2 տարի առաջ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայկի բլոգը շաբաթական կարդում է 60-70 մարդ` շուրջ 20 տարբեր երկրներից:

Բլոգը հիմնականում Ղարաբաղի մասին է, NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայկ Մայիլյանը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով սկսել է հետաքրքրվել դեռեւս 7 տարեկանից, երբ տանը հայտնվեց առաջին` Pentium 2 համակարգիչը:

«Առանց հասկանալու անընդհատ քանդում ու հավաքում էի այն, ինձ դա հետաքրքիր էր, հետո սկսեցի համակարգիչ սովորել, ինտերնետ մտնել եւ մի օր էլ ստեղծեցի իմ բլոգը»,-ասում է Հայկը: Նա որոշել է դպրոցն ավարտելուց հետո ուսում ստանալ Հայաստանում կամ արտերկրի որեւէ համալսարանում, սակայն հաստատ է որ ոլորտը եւ հետաքրքրությունների շրջանակը չի փոխելու:

«Ծրագրավորող կամ ՏՏ ոլորտի այլ մասնագետ կդառնամ, իսկ հետո կգամ Ղարաբաղ ու կբացեմ իմ ընկերությունը»,- ասում է Հայկը:

Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղի պատանինները բավական ակտիվ ինտերնետ-օգտագործողներ են։ Օգոստոսի 10-13-ը ԼՂՀ-ում տեղի ունեցած BarCampArtsakh 2010-ում` երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանս»-ում ամենաակտիվը Արցախցի 13-15 տարեկան պատանիներն էին: Նրանց ջանքերով էլ հենց պատրաստվել էր BarCampArtsakh 2010-ի կայքէջը եւ տեղահոլովակը:

Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանն ասում է, որ Արցախում պատանիները բավականին հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով: «Երեխաների հետ աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ դա ապագա ունեցող մեր ուղղություններից մեկն է: Այսօրվա նրանց ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հետագայում արդեն տեղեկատվական պատերազմի առումով մենք խնդիրներ չենք ունենա»,-ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով` պատանիները ակտիվ են ոչ միայն արցախյան BarCamp-ում, այլ նաեւ բլոգոսֆերայում: