Իրանում քարեր նետելով մահապատիժների իրականացումը սկսել են փոխարինել «ավելի հումանիստական» մահապատժով` կախաղանով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Շատ երկրներ դատապարտում են Իրանում մահապատժի կիրառումը` քարեր նետելու միջոցով, այն համարելով շատ դաժան: Քարերի նետումը փոխարինելով կախաղանով, Իրանը կարող է հույս ունենալ, որ կմեղմացնի իր վարկանիշին հասցված վնասը` Սակինե Աշտիանիի մահապատժի դատապարտելուց հետո:

2 երեխաների մայր, 43-ամյա Աշտիանին դատապարտվել էր մահապատժի` քարեր նետելու միջոցով: Նա մեղադրվում է ամուսնական դավաճանության, ինչպես նաեւ սեփական ամուսնուն սպանելու մեջ: Սակայն, իրավապաշտպանները պնդում են, որ նա խոստովանական ցուցմունքներ տվել է խոշտանգումների արդյունքում: Կնոջ պաշտպաններին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս գործի վրա, որից հետո մի շարք երկրներ դատապարտել են իրանական արդարադատության գործողությունները, իսկ որոշ երկրներ առաջարկել են քաղաքական ապաստան տալ Աշտիանիին:

The Guardian-ի տվյալներով, ներկայումս Իրանում քարեր նետելու միջոցով մահապատժի են սպասում 12 կին եւ երեք տղամարդ: Նշենք, որ Իրանում մահապատիժների իրականացումը հետաձգվել է Ռամադանի տոների կապակցությամբ: Գրում է Lenta.ru-ն: