Գերմանիայի ԱԳ նախարար, փոխկանցլեր եւ հոմոսեքսուալիստ Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ պաշտոնական շրջագայությունների մեկնելիս իր հետ չի վերցնի իր սիրելի Միխայել Կրոնցին, եթե այդ երկրներում հոմոսեքսուալիզմն արգելված է կամ համարվում է քրեորեն հետապնդելի արարք: Այս մասին գրում է Lenta.ru-ն հղում անելով Spiegel-in:
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապրել հանդուրժողականության սեփական ընկալումներին համապատասխան եւ չհարմարվել նրանց, որոնց մոտ այդ հանդուրժողականությունը պակաս է: Նա նաեւ նշել է, որ իր սեքսուալ կողմնորոշումը ոչ մի կերպ չի սահմանափակում իր գործունեությունը ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
«Մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհում հանդուրժողականության սկզբունքներ քարոզել, սակայն մենք չէինք ցանկանա, որ մեր չմտածված գործողությունների պատճառով լրիվ հակառակ արդյունք ստացվեր»,- հայտարարել է Վեստվերվելլեն:
Գիդո Վեստվերվելլեն հիշեցրել է, որ աշխարհի 75 երկրներում հոմոսեքսուալ հարաբերությունները քրեական հետապնդման հիմք են, իսկ 7 երկրներում` Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Եմենում, Մավրիտանիայում, Իրանում, Սոմալիում եւ Նիգերիայում դրա համար մահապատիժ է նախատեսված:
Փոխկանցլերի «երկրորդ կեսի» արձագանքն այս ամենին անհայտ է:




























