Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը եկեղեցի կառուցելու փոխարեն նախընտրում է տնտեսության մեջ ներդրումներ անել: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց գործարարը, որը Նոր Հաճնում մասնակցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման եւ օծման արարողությանը:

«Եթե դարերով հետ գնանք, մեր տնտեսությունը հզոր չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են: Մարդիկ են որոշում՝ իրենց միջոցներն ինչ ուղղությամբ տրամադրեն: Կլինեն մարդիկ, որոնք առաջին հերթին եկեղեցիներ կկառուցեն, կլինեն մարդիկ, որոնք կուզենան տնտեսության մեջ ներդրումներ անել: Ես նախընտրում եմ վերջինը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին, թե ինչու էր Խաչատուր Սուքիասյանը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա, գործարարը նշեց, որ գնացել էր Հայաստանի Հանրապետության առավելությունները, տարբեր ոլորտներում նրա հնարավորությունները ներկայացնելու համար:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք դրանից կարելի է ենթադրել, որ իր եւ գործող իշխանության միջեւ «նեղացվածությունը վերացել է», Սուքիասյանը պատասխանեց, որ  ինքն ամեն ինչ անում է Հայասատանի Հանրապետության համար:

«Հայաստանի Հանրապետությունն ինձ համար թանկ է, հանուն նրա ես ամեն ինչի  պատրաստ եմ: Իսկ իշխանությունը այսօր կա, վաղը չկա, դրանք ժամանակավոր մենեջերներ են: Ես ամեն ինչ պետք է անեմ Հայաստանի համար»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ իրեն պաշտոն են առաջարկում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ առաջարկել են, ինքը հրաժարվել է, եւ հիմա էլ նույնը կանի, եթե առաջարկ լինի: