Իրանը, պատրաստվելով դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, շահագրգռված է բանակցություններ վարել ԵՄ-ի եւ Միջին Ասիայի երկրների հետ՝ առեւտրի ոլորտում հնարավոր արտոնություններ ստանալու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Հոհամադ Ռեզա Նեմաթզադեն:

«Իրանը պատրաստվում է ընդգրկվել ԱՀԿ-ում: Այս պահին խոչընդոտներից մեկն արդեն վերացած է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Վիեննայում ընթացող Իրան-ԵՄ համաժողովում:

Նախարարը հավելել է, որ իր երկրի իշխանությունները նաեւ շահագրգռված են բանակցություններ վարել ԵՄ-ի եւ Միջին Ասիայի երկրների հետ՝ առեւտրի ոլորտում հնարավոր արտոնություններ ստանալու համար», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագիր է կնքվել, որի համաձայն, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն: