Իրան-Հայաստան երկաթգծի նախագծով վստահորեն առաջ ենք ընթանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Դա բարդ ու թանկ նախագիծ է, եւ անհրաժեշտ է, որ պետության աջակցությունը լիամասշտաբ լինի: Մենք համաձայն ենք օգնել նախագծին բոլոր միջոցներով»,-ասել է Առաքելյանը՝ հերքելով այն տեղեկությունները, թե իբր նախագիծը շահավետ չէ:
«Ռուսական երկաթուղի» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը «ՌԵՈՒ»-ի կայքում տեղադրել է նման հայտարարությունների հերքումը: Նախագծով հետաքրքրված են նաեւ այլ օտարերկրյա ընկերություններ»,-ասել է հայ պաշտոնյան:
Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Աշոտ ՇահնազարյանըNEWS.am-ին հայտարարել էր, որ երկաթուղու շինարարության ժամկետը 6 տարի է, ծախսածածկումը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Աշխատանքների մեկնարկն ակնկալվում է 2015 թվականի առաջին կիսամյակում: Շինարարության արժեքը կարող է կազմել շուրջ 3.5 մլրդ դոլար:
Ենթադրաբար Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածի երկարությունը կազմելու է 316 կմ: Այն Իրանի հետ սահմանից (Մեղրի) հասնելու է Սեւանա լճից ոչ հեռու տեղակայված Գագարին քաղաք, որտեղ էլ միանալու է արդեն գործող երկաթգծին: Նախագծի ներդրողներն առայժմ ամբողջությամբ հստակեցված չեն:



























