Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք, պատուհանի ապակին կոտրելու միջոցով, ներս են մտել «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի լրագրող Թագուհի Թովմասյանի ծնողների բնակարան, որտեղ բնակվում է նաեւ Թագուհին:
Բնակարանը գտնվում է Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում, 14 հարկանի շենքի 9-րդ հարկում:
Չարագործները բնակարանից գողացել եւ 2 նոթբուք համակարգիչներ, լրագրողի բջջային հեռախոսները, թանկարժեք ապրանքներ, ոսկեղեն: Ի դեպ, համակարգիչների կողքին եղել է նաեւ գումար, որին, սակայն, ձեռք չեն տվել, եւ տարել են լրագրողի աշխատանքային գործիք հանդիսացող համակարգիչները:
«ՉԻ» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեպքի պահին Թագուհի Թովմասյանը տանը չի եղել, տանից բացակայել են նաեւ ընտանիքի անդամները: Հարեւանն է զանգահարել լրագրողի ծնողներին եւ տեղյակ պահել, որ խոհանոցի պատուհանը կոտրված է: Նա նաեւ գիշերվա 3-ի սահմաններում ձայներ է լսել:
Լրագրողի բնակարան են այցելել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն ու փորձագետը, ովքեր տեղազննում են անցկացրել:
Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի (Գույքի հափշտակում) հատկանիշներով:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի



























