Իսրայելի ԱԳՆ-ն Բաքվում իր դեսպանին հանձնարարել է բացատրություններ պահանջել այդ երկրի իշխանություններից` երկու ահաբեկիչների ազատ արձակման վերաբերյալ, որոնք կազմակերպել են Բաքվում Իսրայելի դեսպանատան պայթյունը: «Հըզբոլլահի» անդամ Լիբանանի երկու քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ տեղեկությունը ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է օգոստոսի 13-ին:
Համաձայն Trend գործակալության, օգոստոսի 8-ին ինքնաթիռով Իրան են արտաքսվել Լիբանանի քաղաքացիներ Նադժմեդի Ալի Հուսեինն ու Կերակի Ալի Մուհամմեդը: Նրանք Գաբուստանի բանտում կրում էին իրենց պատիժը: Վերջիններս 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ 214 (ահաբեկչություն), 228 (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, փոխանցելը, պահելը կամ կրելը), 234 (թմամիջոցների ապօրինի պատրաստում, արտադրում, ձեռք բերում, տեղափոխում), 276 (լրտեսություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում):
Համաձայն մեղադրանքի, Լիբանանի երկու եւ Ադրբեջանի չորս քաղաքացիներ հարձակում էին պլանավորել Իսրայելի դեսպանատան վրա: Ադրբեջանցիներին դատապարտել էին 14 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, մարդկանց փոխանակումը տեղի է ունեցել Իրանի հետ գործարքի շրջանակներում: Իրանը դրա դիմաց խոստացել է ազատ արձակել ադրբեջանցի երկու դիվանագետների, որոնք ձերբակալվել են թմրանյութերի վաճառքի համար:



























