Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի պատրաստվում շփվել Բելառուսի իր գործընկերոջ հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Երեւանում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:

Օգոստոսի 13-ին Լուկաշենկոն, պատասխանելով Մեդվեդեւի հանդիմանությանը, որ Բելառուսի նախագահի չի կատարում իր խոստումը եւ չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, մեղադրել է ՌԴ նախագահին անբարեխղճության մեջ: Ի պատասխան, Մեդվեդեւի օգնական Սերգեյ Պրիխոդկոն պատրաստակամություն է հայտնել հրապարակել ՀԱՊԿ գագաթաժողովում Լուկաշենկոյի ելույթի սղագրությունը, որտեղ նա ոչ միայն խոստանում է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, այլ նաեւ այլ հայտարարություններ է անում, որոնք «անհետաքրքիր չեն լինի ինչպես Բելառուսի, այնպես էլ միջազգային հանրության համար»:

Անկախ նրանից, այդ սղագրությունը կհրապարակվի, թե` ոչ, սակայն, ըստ ամենայնի,  երկու երկրների հարաբերությունները կրիտիկական կետի են հասել: Օգոստոսի 2-ին Սոչիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, որը նա ասել է 2008-ին ՀԱՊԿ գագաթաժողովում: «Նա ասել է. «Ես հանդիսավորությամբ խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ ամենակարճ ժամանակում»,- հիշեցնում է «Կոմերսանտը»:

Իսկ ահա Բելառուսի նախագահն օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Մեդվեդեւը «ինչ-որ բան կիսատ է ասում»: «Լուկաշենկոն ոչ մի տեղ հանդիսավորությամբ չի խոստացել եւ ոչ ոք դա չի լսել: Լուկաշենկոն խոսել է ճանաչման մասին, բայց միայն հետեւյալ կոնտեքստում. Եթե Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկեր, իրավիճակն այլ կլիներ»,- ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է Երեւանում օգոստոսի 20-22-ին: