Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ոչ մի տեղ էլ չի կորել: Այս մասին, ըստ «Կոմերսանտ» թերթի, հայտնել է Սահակաշվիլիի մամուլի խոսնակ Նատիա Բանդզելաձեն: «Սահակաշվիլիի կորելու մասին լուրերը բացառապես սուտ ու ստոր խոսակցություններ են»,-ասել է նա: Անցած շաբաթավերջին վրացական, հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում էին Միխայիլ Սահակաշվիլիի անհետանալու մասին: Այդ հաղորդագրություններում ասվում էր, որ վրաց նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ արդեն մի քանի օր: «Կիրակի ժամը 16:00-ին Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է ամերիկացի ուսուցիչների հետ, ովքեր ժամանել են վրացի երեխաներին անգլերեն սովորեցնելու նպատակով»,-հայտարարել է Բանդզելաձեն: Բացի այդ, նա ընդգծել է, որ «այդ կեղտոտ խոսակցություններն ընդդիմությունը տարածել է այն բանից հետո, երբ Կոլումբիա կատարած այցի ավարտից հետո նախագահը Բաթումի թռչելու ճանապարհին, 24 ժամ գտնվել է ինքնաթիռում (ինքնաթիռի վերալիցքավորման նպատակով)»:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Վրաստանը լքել էր օգոստոսի 5-ին՝ մասնակցելու Կոլումբիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Այդտեղից նա օգոստոսի 9-ին վերադարձել է հայրենիք: Ճիշտ է, մինչ այդ ճանապարհին նա կանգառ է կատարել Կարիբյան ծովի Արուբա կղզում: Նախագահի մամլո ծառայությունը վստահեցնում է, որ կանգառն ունեցել է տեխնիկական բնույթ՝ ինքնաթիռը վերալիցքավորելու նպատակով: Պարտադրված դադարը Սահակաշվիլին, իբր, օգտագործել է տեղի ղեկավարութան հետ հանդիպելու նպատակով: Սակայն դրան հաջորդող օրերին նախագահի գտնվելու վայրի մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի եղել, ինչն էլ նրա կորելու մասին խոսակցությունների առիթ է տվել:



























