Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 100 դեպք:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ АК, «Սեւ նետ», СВД, ПК եւ ДШК տիպի փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1300 փամփուշտ: Առավել ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել շփման գծի հարավարեւելյան հատվածները:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի՝ միայն օգոտոսի 8-ի լույս 9-ի գիշերը եւ օրվա ընթացքում Հադրութի պաշտպանական ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 125 կրակոց, որից 115-ը ПК տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։



























