Կորեական թերակղզու ափերի մոտ, օգոստոսի 16-ին, մեկնարկել են հերթական, այս ամառվա ընթացքում թվով երկրորդ ռազմական զորավարժությունները ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ:

«Ազատության պահակները»  խորագրով ամենամյա զորավարժությունները այս տարի կտեւեն մինչեւ օգոստոսի 26-ը եւ նվիրված կլինեն հակաահաբեկչական գործողությունների մշակմանը G-20 գագաթնաժողովից առաջ, որն անց է կացվելու նոյեմբերին՝ Սեուլում։

Հարավային Կորեայից մասնակցում են 56  հազար զինծառայողներ, իսկ ԱՄՆ-ից՝ 30 հազար։

Նախորդ զորավարժությունները Հարավային Կորեայում անցկացվել են հուլիսի 25-ին, որին երկու երկրների զինված ուժերից մասնակցել են 20 նավեր, 200 ինքնաթիռներ եւ 8000 զինվերներ ու սպաներ։

ВВС գործակալության հաղորդմամբ, 11-օրյա զորավարժություններն իրենց մեջ ընդգրկելու են պաշտպանողական մանեւրներ եւ խիստ սահմանափակ զորքերի տեղաշարժ։

Փխենյանը, սակայն, արդեն հանդես է եկել մի շարք նյարդային հայտարարություններով, որոնցում անցկացվող զորավարժություններն անվանել են ագրեսիվ, Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմատենչություն պարունակող:

Նշենք, որ Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակն երկու Կորեաների միավորման եռաստիճան ծրագիր է առաջարկել: Ճապոնիայի գերիշխանությունից Կորեական թերակղզու ազատագրման 65-ամյակին նվիրված իր խոսքում, նախագահը հայտարարել է, որ սկզբի համար երկու պետությունները պետք է ձեւավորեն խաղաղ հասարակություն, այնուհետեւ ամրացնեն տնտեսական կապերը, եւ վերջում, հաղթահարեն միավորմանը խոչընդոտող մնացած  անջրպետները։

Ըստ նրա՝ այս գործընթացը կարելի է ֆինանսավորել «հանուն միավորման» սահմանված հարկի միջոցով, որը Հարավային Կորեայի քաղաքական գործիչների հաշվարկով, կկազմի 1,3 տրիլիոն դոլար։

Վերլուծաբանների կարծիքով, այս գաղափարը դժվար թե աջակիցներ ունենա Հյուսիային Կորեայում, որի լրատվամիջոցները Հարավային Կորեայի նախագահին անվանում են դավաճան եւ պնակալեզ։