Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ պայմանագրում Հայաստանը պետք է հավելում առաջարկի, որը թույլ կտա պաշտպանության տակ առնել նաեւ Ղարաբաղը: Նման տեսակետ է հայտնել ՍԴՀԿ պերկուպերկյանական թեւի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

«Ռուսաստանի հետ Գյումրիի ռազմաբազայի գործունեությունն առավել ընդգրկուն դարձնելու  փաստաթղթի մեջ մեր խորին համոզմամբ պետք է ներառվի Հայաստանի հարակից տարածքներում ՀՀ անվտանգությանը սպառնացող զարգացումների մասին ռազմավարական դաշնակցի պատասխանատվության խնդիրը, ինչը, մեր տեղեկություններով,  առ այսօր դրված չէ»,- նշել է Վ. Խաչատրյանն ու նկատում, որ «միջազգայնորեն» ճանաչված սահմանների պահպանման պատասխանատվությունը դուրս է դնում Արցախն ու  ազատագրված տարածքները եւ անվիճելիորեն բազմապատկում  Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը:

«Հայկական կողմը, մեր համոզմամբ, պետք է հավելի համաձայնագրի տեքստը` ՀՀ հարակից տարածքներում վտանգավոր զարգացումների դեպքում դաշնակցի պատասխանատվության աստիճանը: Վերջինիս բացառման դեպքում մենք ռիսկի ենք ենթարկում Արցախը եւ ուրվագծում ենք այն որպես ռազմական  պոլիգոն»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ արեւմտյան անվտանգության համակարգի մեջ ինտեգրվելու մասին առաջարկներին, Վ. Խաչատրյանն ասել է. «Խիստ տարփողված պատերազմի վտանգի պայմաններում  անվտանգության համակարգի փոփոխությունը նույնն է, թե ձիերը փոխենք գետանցման պահին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի չիմացությունը կարող է հանգեցնել մեր պետության եւ ազգի համար ամենավատ եւ ծայրահեղ հետեւանքների»: