Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամմեդ Հադա Քարմին հուլիսի 28-ին հայտարարել է, որ Թեհրանը միջազգային պատժամիջոցների չեղարկման ֆոնին պատրաստ է վերականգնել դեպի ԱՄՆ ուղիղ չվերթները։

«Իրանի ավիացիոն պարկը հագեցած է տրանսատլանտյան օդանավերով, որոնք կարող են առանց կանգառի չվերթներ իրականացնել դեպի ԱՄՆ»,- մեջբերում է Քարմիի խոսքը իրանական Press TV հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ ուղիղ չվերթների վերականգնման համար անհրաժեշտ է դիվանագիտական թույլտվություն ստանալ պատկան  մարմիններից, եւ երբ այդ թույլտվությունը ստացվի, Քաղավիացիայի կազմակերպությունը կսկսի թռիչքների վերականգման գործընթացի համար անհրաժեշտ այլ ընթացակարգերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հադա Քարմին նաեւ հավելել է, որ որոշ միջազգային ավիափոխադրողներ արդեն առաջարկել են Իրանին համագործակցություն հաստատել իրենց հետ։