Երեւանում օգոստոսի 20-22-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում հիմնական ուշադրությունը սեւեռվելու է Ղրղզստանում ստեղծված իրավիճակի վրա։

«Սպասվում է, որ Հայաստանի, Բելառուսի,  Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահները կքննարկեն Ղրղըզստանում ստեղծված իրավիճակը եւ ՀԱՊԿ-ի համատեղ միջոցառումներն այդ երկրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»-այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նշվում է նաեւ, որ հանդիպմանը կքննարկվի ՀԱՊԿ-ի ձեւաչափում հակաճգնաժամային իրավիճակներում արձագանքման կատարելագործման առաջարկները, ծրագրվում է քննարկել տարածաշրջանային անվտանգության լուծման գործում կազմակերպության անդամ-երկրների փոխգործակցության առավել արդիական հարցերը։

Նշենք, որ նախնական տեղեկություններով, գագաթնաժողովին չի մասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։ Պարզ չէ նաեւ, թե, արդյոք, Հայաստան կժամանի՞ Բելառուսի նախագահ  Ալեքսանդր Լուկաշենկոն։

NEWS.am-ի թղթակցին Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահի մասնակցության մասին տեղեկատվությունը կտեղադրվի նախագահի կայքում, երբ դա նպատակահարմար լինի։