Օգոստոսի 16-ին լրանում է Internet Explorer բրաուզերի 15-ամյակը։  Microsoft-ի բրաուզերի առաջին սերիան լույս է տեսել 1995 թվականի օգոստոսի 16-ին։ Այն ստեղծվել է Mosaic բրաուզերի հիման վրա, որի իրավունքները Microsoft-ը ձեռք է բերել Spyglass Inc. ընկերությունից։ Սկսած երրորդ տարբերակից, Internet Explorer-ը սկսել է մտնել Windows-ի կազմի մեջ, ինչն էլ ավելի շատ օգտագործողների է գրավել եւ հնարավորություն ընձեռել Netscape Navigator բրաուզերից խլել շուկայի մեծ մասը։

2004 թվականին, երբ շահագործման հանձնվեց Firefox բրաուզերը, Internet Explorer-ի օգտագործողների թիվը աստիճանաբար սկսեց նվազել։ Սակայն նոր մրցակցի լույս աշխարհ գալը միակ պատճառը չէր, որ Internet Explorer-ը կորցրեց շուկայում գրաված իր դիրքի մեծ մասը։ Internet Explorer-ի 6-րդ սերիան դուր չեկավ օգտագործողներին` բազմաթիվ սխալների եւ անվտանգության համակարգի խոցելիության պատճառով։

Net Applications-ի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այսօր Microsoft-ի բրաուզերն օգտագործում են ինտերնետից օգտվողների 60 տոկոսը, իսկ  Firefox-ինը՝ 25 տոկոս։

Ներկայումս Microsoft-ը շահագործման է պատրաստում Internet Explorer-ի 9-րդ սերիան, որի նախնական՝ բետա տարբերակը, կթողարկվի սեպտեմբերին 15-ին։