Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի,  նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է  Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ նախագահի նստավայրում, այնուհետ, տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի  համատեղ մամուլի ասուլիսը:

ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր»  հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին, Ռուսաստանի նախագահը կմասնակցի նաեւ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին: