Իրանի եւ «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունն օգուտ կբերի Հարավային Կովկասին: Այս մասին ասված է Իրանի գործարքին նվիրված՝ Bank of America Merrill Lynch-ի զեկույցում:

Ըստ emirates247.com-ի, բանկի փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների վերացումը կարող է օգնել Իրանում ներքին պահանջարկի արագ աճին, հատկապես, եթե նավթի արտահանումը կարգավորվի եւ հասնի 2012 թվականի մակարդակին: Վերլուծաբանները ենթադրում են, որ եթե պատժամիջոցները չլինեին, Իրանի տնտեսությունը կարող էր հասնել Սաուդյան Արաբիայի տնտեսության ծավալներին:

Բացի այդ, Իրանի հետ գործարքը, պատժամիջոցների վերացումը կարող է հանգեցնել 2020 թվականին տարեկան կտրվածքով մինչեւ 200 մլրդ դոլարի չափով ներմուծման ավելացման: Փորձագետների խոսքով, իրանական առեւտրի պոտենցիալ աճից առավելագույն շահը կունենան ԱՄԷ-ն եւ Թուրքիան:

«Կարծում ենք, որ ԱՄԷ-ն եւ Թուրքիան Իրանի առեւտրի ծավալների պոտենցիալ աճից օգտվելու լավագույն հնարավորություններն ունեն: Գործարքը պետք է նաեւ աջակցի Հարավային Կովկասին՝ ազատ առեւտրի օգնությամբ, սակայն կարող է որոշ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի համար՝ նավթի գների նվազման կամ Եվրոպային գազի մատակարարման հնարավոր մրցակցության միջոցով»,- ասված է զեկույցում: