Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն այցելել են Սեւ ծովի ափին գտնվող վրացական Անակլիա ավանում տեղակայված «հայրենասերների ճամբար», որտեղ հանգստացող երեխաների առաջ հանդես են եկել ռուսերենով:

«Փետրվարին ես ինչ-որ տեղ էի թռչում եւ հանկարծ լրագրում տեսա «լեգո» խաղը, որն ունի նաեւ իմ որդին: Ես էլ մտածեցի, որ դա կարելի է հավաքել որպես ճամբար: Նախագահի առավելությունն այն է, որ նա կարող է անել ինչ-որ բան, հավաքել ու անել: Սկզբունքորեն, նախագահները փոքրիկ երեխաներ են, որոնք կարող են ինչ-որ բան կառուցել եւ հավաքել, ոչ թե ուղղակի խոսել ու խոստանալ»,- ասել է Սահակաշվիլին, հաղորդում է Rosbalt-ը:

Նրա խոսքով, երեխաների տարբերությունը մեծերից այն է, որ երեխաները սիրում են կոնկրետ բաներ, ոչ թե ուղղակի խոսակցություններ ու խոստումներ:

«Ամեն մի մեծահասակի մեջ պետք է երեխա լինի, որպեսզի ինչ-որ բան իրականացնի: Մենք շատ ենք սիրում բելառուսներին, մոլդովացիներին, ուկրաինացիներին, հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, բոլոր այլ մարդկանց, որոնք ապրել են ընդհանուր պետության` Խորհրդային Միության մեջ: Ինչպիսին էլ լինեն քաղաքական կտրուկ փոփոխությունները, ինչպիսին էլ լինեն պայմանականությունները, իսկ դրանք, ցավոք, կան, մենք միեւնույն է, պետք է դրանք հաղթահարենք»,- հայտարարել է Վրաստանի նախագահը, նշելով, որ Անակլիայի ճամբարում հանգստացել են իրենց հասակակիցները Հայաստանից եւ այլ երկրներից: