Մոսկվան բողոքի նոտա է հղել Բուխարեստին` ռումինացի դիվանագետի լրտեսական գործունեության համար: Գաբրիել Գրեկուն «պերսոնա-նոն-գրատա» է հռչակվել եւ պետք է լքի Ռուսաստանը 48 ժամվա ընթացքում: Հետախույզին նախօրեին ձերբակալել են Ռուսաստանի մայրաքաղաքում:

Ամեն ինչ տեղի է ունեցել Մոսկվայի արեւմուտքի առեւտրային կենտրոններից մեկում, որտեղ  տեսախցիկները արձանագրել են ռազմական բնույթի գաղտնի տվյալների փոխանցմամբ փորձը: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես տղամարդը սեւ փաթեթը թողնում է պահման խցիկում: Կարճ ժամանակ անց փաթեթը վերցնում է Ռումինիայի արտաքին տեղեկատվության ծառայության աշխատակից Գաբրիել Գրեկուն: Իրավապահներն անմիջապես ձերբակալել էին նրան:

Ըստ ամենայնի, այդ տեղեկությունները նախատեսված էին ոչ միայն Ռումինիայի համար: Ռումինական կողմը հրաժարվել է մեկնաբանություններից: Նշենք, որ Գրեկուն նախկինում զբաղեցրել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: