ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը պատրաստվում է հաջորդ տարի լքել Պենտագոնի ղեկավարի պաշտոնը: Այս ընթացքում կավարտվի Աֆղանստանում ռազմական գործողությունների ակտիվ փուլը եւ կամփոփվեն դրանց արդյունքները: Նա խոստացել է մինչեւ 2011-ի իր հրաժարականը փակել բոլոր հարցերը, կապված Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելության հետ: Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը վստահ է, որ իր հեռացումը խնդիրներ չի առաջացնի Բարաք Օբամայի համար: Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահը բավական ժամանակ ունի իրեն փոխարինող գտնելու համար:

Ռոբերտ Գեյթսը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը կսկսի կրճատել Աֆղանստանում իր զինծառայողների թվակազմը հաջորդ տարվա հուլիսին, այնինչ Աֆղանստանում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար Դեվիդ Պետրեուսը հայտարարել էր, թե ամերիկացիները կարող են հետաձգել զորքերի դուրս բերումը:

Սակայն Գեյթսը Los Angeles Times-ին տված հարցազրույցում ասել է, որ հետաձգման հարց օրակարգում չկա: «Ոչ ոք հարցականի տակ չի դնում, որ մենք 2011-ի հուլիսին սկսելու ենք  կրճատել մեր զինվորականների թվակազմը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Գեյթսը դեմ է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, իսկ երկրի նախագահը` կողմ: