«Շրջանառվող լուրերի համաձայն՝ օրերս «Կոնգրեսի» ներսում հերթական ընդհարումն է տեղի ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, քանի որ ծերուկին ամենեւին դուր չեն եկել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի այն խոստովանությունները, համաձայն որի՝ «ամենակարող» Սուրենյանցը Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի ընկերն է եւ բազմաթիվ առիթներով հանդիպում է իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի համար իհարկե նորություն չի եղել, որ իր «շահած-պահած» «ընդդիմադիրները» հաճախակի են մոտիկից շփվում իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչների հետ, սակայն վերջինիս զայրացրել է այն փաստը, որ անգամ Զուրաբյան Արոյին ու Քոքոբելյան Խչոյին պատժելու օրինակներից ոչ մեկը դաս չառավ: Չէ՞ որ նման խոստովանություններ անելով ու նոր խաղաքարտեր բացելով, ՀԱԿ-ը կարող է զրկվել իր համար «խոստացված» այն 10 տոկոսից, որն ըստ էության «վաստակելու» է 2012-ի խորհրդարանական ընտրություններին»,-այդպիսի հարց է բարձրացրել «Կոնգրեսի» առաջնորդը՝ մեղքի կուժն ու կուլան ջարդելով Սուրենյանցի անմիջական ղեկավար Արամ Սարգսյանի վրա»,-գրում է «Իրավունք» թերթը:




























