Պարբերականը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Օրերս խոսելով Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածի հավանական գնորդ համարվող ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերության մասին, նշել էիք, թե անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանը գնի գազատարի այդ հատվածը: Ի՞նչ մտահոգություններ ունեք այդ հնարավոր գործարքից:
Այդ գազատարը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Վաղուց եմ նշել, որ մասնավորեցվելու է գազատարի այդ հատվածը եւ անկեղծ ասած՝ ակնկալում էի, որ Հայաստանի իշխանությունները կհայտարարեն, թե իրենք մասնակցելու են այդ գործարքին: Մինչդեռ տարօրինակ է, որ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից օլիմպիական հանգստություն է ցուցաբերվում անգամ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատեց գազատարի սեփականաշնորհման ծրագիրը: Ուստի համոզված եմ, որ Հայաստանը պարտավոր է գնել Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածը, քանի որ այն կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, եւ եթե Հայաստանը մասնակցի մասնավորեցմանը՝ չեմ կարծում, թե Վրաստանն Ադրբեջանին նախապատվություն տա, որովհետեւ դա Վրաստանի կողմից Հայաստանի հանդեպ արդեն թշնամական գործողություն կդիտարկվի:
Պետք է նշել, որ առհասարակ հայ-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակը խիստ անհանգստացնող է, ես բավական մտահոգված եմ հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակով եւ համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի Վրաստանի հետ հարաբերությունների հարցը: Կարծում եմ, որ՝ ընդհանրապես կարող են լուրջ խնդիրներ ծագել հայ-վրացական հարաբերություններում, հնարավոր է լրջորեն վտանգվի ոչ միայն սպառազինությունների եւ զինամթերքի ներկրման հնարավորությունը Հայաստան, այլեւս չի բացառվում, որ առհասարակ բարդություններ առաջանան վրացական ողջ տանզիտի համար:




























