Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա մոլդովացի գործընկեր Միխայ Գիմպուն որոշել են նոր շունչ հաղորդել ՎՈՒԱՄ-ին, որը միավորում է Վրաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին ու Մոլդովային: Այս կառույցը Մոսկվայում համարում են «հակառուսական»:
Ըստ «Կոմերսանտ» թերթի, չի բացառվում, որ ՎՈՒԱՄ-ին միանալու առաջարկ արվի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում շատ ջերմ է ընդունել Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Գիմպուին: Վերջինս այս տարվա մայիսին արհամարհել էր Հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան շքերթին մասնակցելու Ռուսաստանի հրավերը:
Միաժամանակ, ինչպես գրում է «Կոմերսանտը», Գիմպուի Վրաստան այցելությունը քաղաքականից բացի, ունեցել է նաեւ հավակնոտ աշխարհաքաղաքական նպատակներ: Մասնավորապես, ըստ պարբերականի, Սահակաշվիլին եւ Գիմպուն պայմանավորվել են ակտիվացնել 1999-ին ԱՄՆ-ի հովանավորությամբ ստեղծված ՎՈՒԱՄ-ի վերակենդանացմանն ուղղված ջանքերը:
Այս կառույցը վերջին տարիներին շատ պասիվ է եւ վերջին անգամ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների նախագահները հանդիպել են 2007-ին, սակայն հիմա Վրաստանի ու Մոլդովայի նախագահները որոշել են նոր կյանք հաղորդել կազմակերպությանը:
Այդուհանդերձ, Մոսկվայում ՎՈՒԱՄ-ից վտանգ չեն տեսնում, քանի որ այդ կառույցի անդամներից մեկը` Ուկրաինան, Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ ջերմացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ չի ցանկանում քաղաքական աջակցություն ցուցաբերել ՎՈՒԱՄ-ին:
«Որքան մեզ հայտնի է, Ուկրաինան չի նախատեսում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, սակայն Կիեւի մեր գործընկերները պարզ հասկացրել են, որ իրենց համար առաջնահերթությունը տնտեսությունն է, ոչ թե քաղաքականությունը»,- «Կոմերսանտին» ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն ու հավելել, որ ՎՈՒԱՄ-ում խոշոր տնտեսական նախագծեր չկան:
Ակնհայտ է նաեւ, որ Սահակաշվիլին եւ Գիմպուն նույնպես Ուկրաինային համարում են ՎՈՒԱՄ-ի «թույլ օղակ», ուստի փորձում են նրան փոխարինել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Բելառուսով:




























