ՀԱՊԿ-ն, պարտավորությունների կատարման ուղղությամբ իր բոլոր ակնհայտ խնդիրներով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի բավական կարեւոր ուղղություն է , քաղաքական երկխոսության որոշակի ուղի, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ երրորդ երկրների հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:
«Հետեւաբար, ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանում հնչող կոչերը հարկ է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Որքանո՞վ է դուրս գալը բխում Հայաստանի շահերից, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական շրջապատում: Ինչպե՞ս այդ քայլը կազդի հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերով միջազգային միջնորդների հետ երկխոսության մեջ պաշտոնական Երեւանի դիրքորոշումների վրա: Եւ գլխավորը, ի՞նչ քաղաքական այլընտրանք են առաջարկում հայ հասարակությանը եւ պետությանը նրանք, ովքեր կոչ են անում խզել կապերն այդ կառույցի հետ: Կարծում եմ՝ համոզիչ պատասխաններ այդ հարցերին չկան»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով, իհարկե, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության գործոնը այսօր գերազանցապես քաղաքական բնույթ ունի, սակայն պետք չէ մոռանալ ռազմական ոլորտում համագործակցության մասին: Ըստ Արեշեւի՝ ՀԱՊԿ-ին անդամությունը զսպիչ գործոն է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման համար:
Խոսելով Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին՝ Արեշեւը նկատել է, որ պաշտոնական տեղեկություններով, մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Ղրղըզստանի հարցը, սակայն չի շրջանցվի նաեւ Հարավային Կովկասի հակամարտությունների խնդիրը:



























