Առաջիկա օրերին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է նամակ ուղարկել ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահին: Նամակում պատգամավորը խնդրում է հայտնել, թե աշնանը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում արդյոք տեղի՞ է ունենալու ԼՂ հարցով զեկույցի քննարկում եւ ո՞վ է նշանակվելու զեկուցող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ բացի այդ, օգոստոսի վերջին պատրաստվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին նամակ ուղարկել, որում մանրամասն ներկայացված եւ վերլուծված կլինեն տարածաշրջանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ընդունած բանաձեւերը: «Կպատրաստվի հիմնավոր նամակ, բացառապես կազմված ՆԱՏՕ-ի դիրքորոշումներից եւ հայտարարություններից: Երբ նամակը պատրաստ կլինի, կառաջարկեմ, որպեսզի դրան միանան նաեւ ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության մյուս անդամները նույնպես եւ կոլեկտիվ նամակի տեսքով կուղարկենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին»,-ասաց Սաֆարյանը:
Նշենք, որ նոյեմբերին Վարշավայում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույցի քննարկում, որի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժամանակ առաջ նամակ էր ուղարկել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին, որում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած քննարկումները վտանգում են ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացն ու խափանում միջնորդական ջանքերը: Իսկ ՆԱՏՕ-ի քարտուղարությունից հայտնել էին, թե ԼՂ հարցով զեկույցի քննարկումը տեղի է ունենալու բոլոր դեպքերում:




























