Բաղդադում իրաքյան բանակի զորակոչային հավաքակայանի մոտ պայթյուն է որոտացել: Միջադեպը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնական Բաաբ Ալ-Մուաթհամ շրջանում օգոստոսի 17-ի առավոտյան՝ ժամը 7:30-ի սահմաններում:

AFP գործակալության փոխանցմամբ, ռումբը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Առնվազն 18 մարդ զոհվել, եւս 50-ը վիրավորվել են: Reuters-ի տվյալներով, զոհերի եւ վիրավորների թիվն ավելի մեծ է: 40 սպանված եւ 106 վիրավոր: Հաղորդվում է, որ զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում նորակոչիկները:

Իրաքյան բանակում զանգվածային զորակոչը կապված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման հետ՝ մինչեւ օգոստոսի 31-ը երկրից հանել ամերիկյան զորքերը: Նախագահի որոշումը ոգեւորել է ահաբեկիչներին, որոնք նոր թափով են լծվել ահաբեկչություններին: