Շվեդիայում ապրող թուրքերը լրջորեն անհանգստացած են, որ այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում կարող են հաղթանակ տանել ընդդիմադիր ձախ կուսակցությունները, որոնց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծն ընդունվեց Շվեդիայի խորհրդարանում: Նրանք ակտիվ քարոզչություն են իրականացնում, խորհուրդ տալով ընտրողներին առաջիկա ընտրություններում ձայն չտալ ընդդիմադիրներին։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Շվեդիայում ապրող թուրքերը դիմում են իրենց ազգակիցներին` հորդորելով սեպտեմբերի 19-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ձայն չտալ ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական», «Ձախ», «Կանաչների եւ շրջակա միջավայրի» կուսակցություններին:
Հիշյալ կուսակցությունները հայտարարել են, թե իշխանության գալու դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխելու են ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ներառելու են Շվեդիայում դպրոցական պատմության դասագրքերում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ 3 կուսակցությունների ջանքերով Շվեդիայի խորհրդարանը 2010-ի մարտի 11-ին 131 կողմ եւ 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Ընդունված բանաձեւում հիշատակվում են նաեւ Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունները։




























