Օգոստոսի 15-ին վաղ առավոտյան Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 42-րդ կմ-ում միկրոավտոբուս է շրջվել:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի «VAV-561» պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 48-ամյա Դավիթ Ալոյան) ճանապարհին շրջվել է, որի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ու Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվել` Վրաստանի քաղաքացիներ, 64-ամյա Սվետլանա Բարիկյանը եւ 70-ամյա Զինաիդա Արդաջանովան, Հունաստանի քաղաքացի, 47-ամյա Էլեկտրա Անտոնիադան, 43-ամյա Ալլա Բարսելովան 17-ամյա Ռուդիկ Գրիգորյանը եւ անձը չպարզված եւս մեկ ուղեւոր: Վերջինս, ստանալով առաջին բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել:

17-ամյա Թենգիզ եւ 10-ամյա Օթարի Ալոյանները տարբեր մանկական վնասվածքներով տեղափոխվել են մանկական «Ավստրիական» հիվանդանոց եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Բժիշկների կողմից Ռ. Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Ա. Բարսելովայի ու Ս. Բարիկյանի վիճակը` ծանր, իսկ Զ. Արդաջանովայի ու Է. Անտոնիադայի  վիճակը` միջին ծանրության: