Մոտ ապագայում ԱՄՆ Զինված ուժերի դուրս բերումն Իրաքից կարող է ողջ տարածաշրջանում բռնության տարածման առիթ դառնալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Նա նշեց, որ բռնության տարածումը կարող է լինել Իրանի, Իրաքի եւ Սիրիայի ներգրավմամբ: Ըստ Մելիքյանի՝ կարող են սկսել լայնածավալ խժդժություններ ինչպես ազգամիջյան, այնպես էլ կրոնական հողի վրա, որոնք բնականաբար, կանդրադառնան Հայաստանի շահերի վրա:
«Այս տեսանկյունից ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում կարելի է համարել արդարացված: Սակայն մենք պետք է կարողանանք կանխարգելիչ եւ մեր ինքնիշխանությունն ապահովող քայլեր ձեռնարկել»,-նշեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Պայմանագրի փոփոխությունների նախագծում նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան ՌԴ շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Նախագծի վերջնական տեքստը կներկայացվի առաջիկայում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:



























