Այս տարի խաղողի բերքն ակնկալվածից մոտ 20 տոկոսով ավելի կլինի, սակայն նախապես կնքված պայմանագրերի շնորհիվ տնտեսվարողները բերքի սպառման խնդիրներ չեն ունենա։ Այս մասին օգոստոսի 17-ին կայացած ասուլիսում նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ Նրա կարծիքով, Հայաստանի կոնյակագործներն ու գինեգործներն արդեն հաղթահարել են ճգնաժամի հետեւանքները, եւ կրկին տեղ են գրավում կորցրած շուկաներում։
Ըստ նրա՝ Ճգնաժամի արդյունքում, կոնյակագործները կորցրել էին ավանդական սպառման շուկաների 80 տոկոսը, սակայն 40 տոկոսով վերականգնել են կորցրածը։
«Ճգնաժամի արդյունքում շուկայից վերացան անորակ կոնյակ պատրաստող ընկերությունները, իսկ մնացած ընկերություններն այժմ ավելի մեծ սպառում են ապահովում, քան նախկինում»,- ասաց Հարությունյանը։
Գինու սպառման շուկայում, ըստ նրա, դրական զարգացումներ եւս կան, բայց ավելի քիչ ծավալով։ Գինեգործների միության նախագահը նշեց, որ վիճակագրության համաձայն, ամեն տարի հայաստանցիները նախորդ ժամանակահատվածի համեմատ կես լիտր ավելի գինի են խմում։ «Հայաստանում ընդհանուր առմամբ, 16500 հա խաղողի այգիներ կան, որից ընդամենը 4000 հա-ն է գինու պատրաստման համար պիտանի խաղող, մնացածը կոնյակի պատրաստման համար պիտանի տեսակներ են»,- նշեց Հարությունյանը՝ նկատելով, որ գինու սպառման ծավալները Հայաստանում դեռ գոհացուցիչ չեն։




























