Մենք՝ հայերս, որպես կանոն, առավել հակված ենք հիպերտոնիայի՝ զարկերակային բարձր ճնշման, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով. սթրեսներ, աթերոսկլերոզ, ավելորդ քաշ եւ արյան մեջ խոլեստերինի մեծ քանակություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման պարզաբանումներ տվեց «1-03» օպերատիվ ծառայության պետ Ռիտա Աբրահամյանը։

Նրա հավաստմամբ, ճնշման տատանումներն ազգաբնակչության շրջանում առավել նկատելի են դառնում գարնանը եւ աշնանը՝ կապված մթնոլորտային ճնշումների տատանումների հետ։ «Զարկերակային բարձր կամ ցածր ճնշում ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն տարվա բոլոր եղանակներին, սակայն հիվանդություների սրման առումով առավել վտանգավոր են գարունը եւ աշունը»,- նշեց բժշկուհին։

Հարցին, թե մարդկանց մոտ ո՞ր տարիքից կարող են ի հայտ գալ ճնշման տատանման առաջին երեւույթները, Ռիտա Աբրահամյանը պատասխանեց, որ զարկերակային հիպերտենզիան (զարկերակային բարձր ճնշման հակվածությունը, որն, իմիջիայլոց, դեռեւս հիվանդություն չէ) շատերի մոտ կարող է նկատվել բավական երիտասարդ տարիքում։ «Կյանքի ռիթմը մեր օրերում շատ լարված եւ արագ է, հետեւապես զարմանալի չէ, որ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նաեւ երիտասարդները»,- նշեց «1-03» օպերատիվ ծառայության պետը՝ միաժամանակ հավելելով, որ առավել խոցելի խումբը 40 տարեկանից բարձր մարդիկ են։ «Թեպետ դժվար է վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե հանրապետության բնակչության քանի՞ տոկոսն է հիպերտոնիկ, քանիսը՝ հիպոտոնիկ (զարկերակային ցածր ճնշում), սակայն միանշանակ է, որ շտապօգնության կանչերի շարքում ամենահաճախը կրկնվում են զարկերակային բարձր ճնշման հետ կապված դեպքերը»,- ընդգծեց բժշկուհին։

Հարցին, թե ո՞ր սեռի ներկայացուցիչներն են առավել շատ հակված զարկերակային ճնշման տատանումների, Ռիտա Աբրահամյանը փաստեց, որ եթե նախկինում դրանք մեծամասամբ տղամարդիկ էին, ապա ներկայումս խնդիրը հավասարապես առկա է նաեւ կանանց շրջանում։

Վերջում բժշկուհին ավելացրեց, որ հիպերտոնիան եւ հիպոտոնիան անբուժելի հիվանդություններ են, եւ զարկերակային բարձր կամ ցածր ճնշման առկայությունը խոսում է օրգանիզմի անդառնալի կորուստների մասին։ «Վերջնական բուժում այս հիվանդությունները չունեն. այդ է պատճառը, որ հիպերտոնիկները կամ հիպոտոնիկները մինչեւ կյանքի վերջ բժիշկների ցուցումով պետք է համապատասխան դեղամիջոցներ ընդունեն»,- նշեց Ռիտա Աբրահամյանը՝ խորհուրդ տալով առողջական խնդիրներ ունենալու դեպքում դիմել բժիշկներին եւ խուսափել տնային պայմանններում ինքնաբուժմամբ զբաղվելուց։