Չինացի բլոգերները ակտիվորեն քննարկում են Լուչժոու քաղաքում ոչ բարձրաստիճան մի պաշտոնյայի մահվան հանգամանքները: Հետաքննչական մարմինները պարզել են, որ պաշտոնյան, ինտերնետի միջոցով իր ընկերուհու հետ «չաթ» անելուց հետո, գնացել է զուգարան, որտեղ սայթաքել, վայր է ընկել, գլխով հարվածել է գետնին ու ներգանգային արյունահոսությունից մահացել:
Մահից հետո նա արժանացել է պետական պարգեւների եւ այդ հանգամանքը սուր վեճեր է առաջացրել չինական ինտերնետ հասարակության շրջանում: Հաղորդում է «Նովիյ ռեգիոն»-ը:
Բավական սուր քննարկումների պատճառն այն է, որ երկրի կառավարությունը հայտարարել է, թե պաշտոնյան մահացել է «ծառայողական պարտականությունները կատարելիս» եւ հետմահու արժանացել է «Չինաստանի կոմունիստական կուսակցության գերազանցիկ» կոչմանը, ինչը ենթադրում է որոշակի արտոնություններ նրա հարազատների համար:




























