Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ «վերաբեռնման» գործընթացը պաշտոնապես կավարտվի սեպտեմբերին։ Հենց սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կկայանա ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը։

Մինչեւ վերջ անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ Վաշինգտոնը բարձր մակարդակով, մինչեւ այս տարվա վերջ, արհամարում էր պաշտոնական Բաքվին։ Հաղորդում է ադրբեջանական  Zerkalo.az-ը։

Նախորդ տարի ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը չի հրավիրվել իֆթարին (Ռամադանին նվիրված ընթրիք), որն ավանադաբար կազմակերպում է ԱՄՆ նախագահը մահմեդական պետությունների դիվանագետների համար։ Այս քայլը փորձագետների կողմից գնահատվեց որպես բաց դիվանագիտական դեմարշ պաշտոնական Վաշինգտոնի կողմից։ Այդ ընթացում Ադրբեջանի նկատմամբ, Վաշինգտոնի վարած քաղաքականությունը կարելի է գնահատել որպես «լուռ արհամարհանք»։ Ողջ ընթացքում Վաշինգտոնը հանդես չի եկել եւ ոչ մի ադրբեջանամետ հայտարարությամբ։ Ընդհակառակը՝ բոլոր դեպքերում Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են,որ Վաշինգտոնը բարձր է գնահատում երկու պետությունների միջեւ համագործակցությունը, հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Սակայն Ադրբեջանը, իբրեւ պատասխան, ԱՄՆ-ի նկատմամբ կիրառեց «հարձակվողական մարտավարություն»։ Տարբեր տրամաչափի ադրբեջանցի պաշտոնյաններ սկսեցին մեղադրել ԱՄՆ-ին անշնորհակալության եւ Հայաստանին հովանավորելու մեջ։ «Հանկարծ» բոլորը գլխի ընկան, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը ԼՂ խնդրի կարգավորման հարցում հայամետ դիրքորոշում ունի։ Ադրբեջանն սկսեց սպառնալ Արեւմուտքին, որ ողջ գազը կվաճառի Ռուսաստանին կամ Իրանին, իսկ Ադրբեջանի խորհրդարանի մի շարք պաշտոնյաններ սկսեցին կոչ անել ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Սա, հավանաբար, շատ է զվարճացրել պետքարտուղարության աշխատակիցներին: