Հայաստանը ոչինչ չի խնայելու արտերկրում հայ ուսուցիչների օժանդակության հարցում: Օգոստոսի 17-ին Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կարեւորվել են մի շարք հարցեր, մասնավորապես` մեկօրյա դպրոցների համար ուսումնական ծրագրի ստեղծումը, նոր ուսումնական եւ էլեկտրոնային նյութերի օգտագործումը կրթական գործընթացում, համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը, արտերկրում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ մանկավարժների կենսաթոշակների հետ կապված հարցերը։
Կարեւորելով խորհրդաժողովի անցկացումը` վարչապետը մասնավորապես նշել է. «Սա կրթական չորրորդ համահայկական խորհրդաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում եւ դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը»։
Հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ համագործակցության զարգացման հաջորդական քայլերը։




























