Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագիրը, որի մաս է կազմում «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը։ Նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում էական զարգացում կարող է ապահովել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ասպարեզում՝ նրան հասցնելով ժամանակի առաջադեմ դիրքերին։ Այն խթանում է երեխաների եւ հանրության կողմնորոշումը դեպի կենսական նշանակության եւ գործնական պահանջարկ ունեցող մասնագիտություններ։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այսօր աշխարհում շուրջ 2 մլն. ՏՏ թափուր աշխատատեղ կա, ուստի որքան որակյալ մասնագետ պատրաստենք, այդքան աշխատատեղ կունենանք Հայաստանում: Հենց այդ նպատակով էլ մենք պատրաստում ենք ինժեներական լաբորատորիաներ, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանի աշակերտների համար: Արդեն դպրոցից հետո նրանց աշխատանքի վարձատրության շուկայական արժեքը կկազմի 150-200 հազար դրամ»: 

Այս նպատակով ամեն օր հանդիպումներ են կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ՝ վերջիններիս ինժեներական ծրագրերի  իրականացմանը մասնակից դարձնելու նպատակով: Ծրագրին միացած ընկերությունները համագործակցում են Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնում դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ, իրենց ապագա աշխատողներին ընտրում հենց այս դպրոցներից:

«Ինժեներական կրթության տարիքի իջեցումը համաշխարհային գործընթաց է, եւ երկրները նոր մրցավազքի մեջ են մտել՝ հսկայական շուկաներ գրավելու ակնկալիքով։ Մենք հրաշալի մոդել ենք մշակել, սակայն եթե հապաղենք, կարող ենք մեկընդմիշտ հետ ընկնել»,-նշում է Կարեն Վարդանյանը։

«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը, համապատասխանաբար, կընդլայնի ՏՏ ոլորտը:

Ներդրումային նախագիծը նախատեսված է իրականացնել փուլային մոտեցմամբ՝ 4 տարվա ընթացքում:

2015-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի բոլոր դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածք եւ պատրաստվեն դասավանդողներ:

Կարեն Վարդանյանը նաեւ ընդգծում է. «Լաբորատոր սարքերը արտադրվում են Հայաստանում, ինչը երեխաներին տալիս է այն գիտակցությունը, որ ապրում են բարձր տեխնոլոգիական երկրում: Մեր նպատակն է, որպեսզի աշակերտները սիրեն իրենց հայրենիքը եւ չլքեն Հայաստանը: Այս ծրագրերի նպատակներից է նաեւ արտագաղթի նվազեցումը»: