Պետական կարգավորողն «Orange Armenia» ընկերության համար անհավասար պայմաններ չի ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
Հարցին, կարո՞ղ էր, արդյոք, ընկերությունը հաղթահարել ինտերքոնեքթի՝ բջջային այլ ցանցեր զանգեր ուղարկելու սակագները, Արաբաջյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին առանց այն էլ Հանձնաժողովը նվազեցրել է ինտերքոնեքթի սակագները: Հիմա զանգն ուղարկելու համար օպերատորը վճարում է 11 դրամ, իսկ ոչ վաղ անցյալում վճարում էր 29 դրամ:
«Հիմա մենք գտնվում ենք եվրոպական երկրների մակարդակի գրեթե կես ճանապարհին»,- հայտարարեց Արաբաջյանը: Նշենք, որ զանգերի փոխանցման սակագների նվազման գրաֆիկն ընդունվել է 2009 թվականի օգոստոսին եւ ամբողջությամբ իրականացվել 2011-ի հուլիսին:
Ներկայում Հայաստանում զանգերի փոխանցման սակագինը 1-3 եվրոցենտի սահմաններում, ինչն Էլեկտրակապի միջազգային միության չափանիշներով բավական լավ ցուցանիշ է:
«Բնականաբար, ինտերքոնեքթի համար վճարելը շահեկան չէ այն օպերատորի համար, որի ցանցում ավելի շատ ելքային զանգեր են, իսկ դա նշանակում է ավելի քիչ բաժանորդներ: Բայց ժամանակին ընկերությունը, որը հայկական շուկա մտավ երրորդը, պետք է հաշվի առներ դրա հետեւանքները: Այլ երկրներում, որտեղ Orange-ը զբաղեցնում է շուկայի մեծ մասը, ընկերությունը նման հարցեր չի բարձրացնում: Այնպես որ՝ խնդիրը շուկայի մեջ է»,- հավելեց Արաբաջյանը:
Նկատառմանը, որ սակագնի նվազեցման դեպքում ծառայությունները կէժանանան, դրա հետեւանքով նաեւ կաճի պահանջարկը եւ շահույթը, Արաբաջյանը պատասխանեց, որ ձայնային ծառայությունների շուկան աստիճանաբար կրճատվում է, որքան էլ սակագները նվազեն: Իսկ համացանցից ստացված աճող շահույթը ոչ միշտ է փոխհատուցում: «Չէ՞ որ ներկայում ֆիքսված վճարով բաժանորդը կարող է անսահմանափակ ինտերնետ ստանալ կամ պարզապես սրճարան մտնել եւ մեկ գավաթ սուրճի շուրջ համացանցով խոսել այն գումարով, որը բջջային կապի դեպքում հազարավոր դոլարներ կարժենար»,- նշեց Արաբաջյանը:
«Ինտերքոնեքթի սակագինը մենք արդարացված ենք սահմանել: Այն շուկայում խտրականություն չի ստեղծում»,- ամփոփեց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange խմբի մաս) հայտարարեց հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշեց անբավարար հեռանկարները. որոշակի եկամուտների պարագայում անգամ ընկերությունը տեխնոլոգիական ցանկալի զարգացման հասնելու հնարավորություն չի տեսնում: Orange-ի բիզնեսը պատրաստվում է ձեռք բերել «Ucom» ընկերությունը, որն իրավունք կունենա «Orange Armenia» ապրանքանիշը պահպանել առաջիկա 12 ամիսների ընթացքում:





























