Չիկագոյում կայացած դատական լսումներում, դատական ատենակալները որոշել են չեղյալ հայտարարել դատական գործընթացը Իլլինոյս նահանգի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոեւիչի նկատմամբ, ով մեղադրվում էր Սենատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախկին տեղը վաճառելու փորձի մեջ:
Ատենակալները նրան մեղավոր են ճանաչել միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ: Մնացած 23 կետերում ատենակալները չեն կարողացել հանգել համաձայնության:
Նախկին նահանգապետին մեղադրում էին նաեւ մեքենայությունների ու կաշառակերության մեջ: Ըստ ամերիկյան օրենքների, ստելու համար նրան կարող են դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման:
Նահանգապետին ձերբակալել էին 2008-ի վերջին: Նա մեղադրվում էր նախագահ Օբամայի սենատորական աթոռը մեծ գումարով վաճառելու փորձի մեջ:




























