Պաղեստինցուն, ով օգոստոսի 17-ին ներխուժել էր Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանատան տարածք՝ քաղաքական ապաստան խնդրելու եւ վնասազերծվել էր դեսպանատան աշխատակիցների կողմից, հանձնել են իսրայելական իշխանություններին եւ տեղափոխել հիվանդանոց:

Ռամալլահի 32-ամյա բնակիչը Թուրքիայի դեսպանատուն էր մտել նախօրեին երեկոյան եւ փորձել էր պատանդ վերցնել թուրքական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Նա զինված է եղել դանակով եւ խաղալիք ատրճանակով, նաեւ բենզինի տարայով, բայց նրան վնասազերծել էին՝ վիրավորելով ոտքից:

Ավելի վաղ, իսրայելական հեռուստաալիքները եթեր էին հեռարձակել պաղեստինցու ուղերձը, որում նա սպառնում էր պայթեցնել շենքը: Նա սեր էր խոստովանում Թուրքիայի վարչապետ Էրդողանին եւ անձամբ նրանից քաղաքական ապաստան խնդրում: Դրանից 5 ժամ անց պաղեստինցուն ձերբակալել են: Բժիշկները նրա վիճակը գնահատում են «բավարար», այժմ հանցագործը Թել-Ավիվի հիվանդանոցում է:

Ինժազը նախկինում եւս նման հանցանք է կատարել: 2006թ. ներխուժել էր բրիտանական դեսպանատուն, սակայն ձերբակալվել էր ու դատաարտվել, եւ միայն վերջերս էր ազատ արձակվել: