Բարաք Օբամայի ինքնաթիռով թռչելու ժամանակ մի ինքնաթիռ խախտել է օդային տարածքը եւ մտել արգելված գոտի, ինչից հետո F-15 կործանիչները փորձել են բռնել այն: Օբաման ինքնաթիռով այցելություններ կատարելիս է եղել Կալիֆորնիա եւ Վաշինգթոն նահանգներ: Միջադեպի մասին տեղեկացրել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը:

F-15 կործանիչները օդ են բարձրացել Փորթլենդի (Օրեգոն նահանգ) մոտ գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից: Նախագահական ինքնաթիռին շատ մոտ թռչող ինքնաթիռը մինչեւ կործանիչների ժամանելը արագ լքել է փակ օդային տարածքը , ուստի այն ձերբակալելու անհրաժեշտություն չի առաջացել: Հաղորդում է «Իտառ տասս»-ը:

Նախագահ Օբաման օգոստոսի 17-ին այցելել է Սիեթլ (Վաշինգթոնի նահանգ), որտեղ ելույթ է ունեցել ու պաշտպանել Կոնգրեսի սենատոր Փեթի Մյուրեյի վերընտրությունը` նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում: